Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լուրջ վերաբերվեք գրիպին

Հայաստանում վերջերս զգալիորեն աճել է թոքաբորբով եւ գրիպով հիվանդների քանակը: Գրիպի վիրուսի մեծ տարածվածություն կա: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս երեւույթը` զրուցեցինք Հայաստանի Կուրորտոլոգիայի եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի ռեաբիլիտոլոգ, բժիշկ-թոքաբան Գայանե Սողոմոնյանի հետ:

 

–   Բժիշկ Սողոմոնյան, ինչ՞ով է բացատրվում այդ հիվանդությունների տարածվածությունը:

 

–   Այն, ինչ մենք անվանում ենք վիրուսային հիվանդացության սրացումներ, միշտ եղել են: Սթրեսային ցանկացած գործոն, երկրի էկոլոգիական եւ սոցիալական վիճակները կարող են հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Դա առաջնահերթ գործոններից է: Մեր հասարակական ընկալումը գրիպի մասին` որպես վիրուս, մշտապես գոյություն է ունեցել, պարզապես ժամանակի ընթացքում փոփոխվում են հիվանդության ռիսկային գործոնները: Տվյալ պարագայում շատ հաճախ լուրջ պատճառ կարող են լինել այն դեղամիջոցները` անտիբիոտիկները, որոնք մարդիկ փոքր-ինչ մրսածության դեպքում անմիջապես օգտագործում են: Շատ կարեւոր են վակցինացիաները, որոնց, դժբախտաբար, Հայաստանում անլուրջ են վերաբերվում, այնինչ դեռեւս 1998թ.-ից ԱՄՆ-ում դա միշտ արվում է: Ընդհանրապես ցանկացած մրսածության ֆոն, որ չի բուժվում, հետագայում քրոնիկ հիվանդության զարգացման համար հող է հանդիսանում, ինչպես, ասենք, քրոնիկ բրոնխիտը եւ այլն: Ստեղծված իրավիճակում, երբ մարդը որոշակի թուլություն է զգում, ջերմության բարձրացում է ունենում, չպետք է զբաղվի ինքնաբուժությամբ, միշտ պետք է դիմել բժիշկների օգնությանը, հակառակ դեպքում գրիպի ոչ լիարժեք բուժումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման: Բացի այդ, ժամանակին կատարված վակցինացիաները կարող են կանխել հիվանդությունը:

 

–   Այնուամենայնիվ, գրիպին մենք միշտ անլուրջ ենք վերաբերվում:

 

–   Մենք ոչ միայն գրիպին, այլեւ մնացած հիվանդություններին էլ ենք անլուրջ վերաբերվում: Մարդիկ գալիս են բժշկի մոտ միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն լիովին բարդացած վիճակում է լինում: Միգուցե պատճառներից մեկն էլ այն է, որ հեռուստատեսությամբ անհամեմատ շատ են գովազդային տեսահոլովակները, որոնք խորհուրդ են տալիս, օրինակ, «Coldrex» կամ այլ դեղամիջոցներ օգտագործել: Դա մեր անգրագիտության հետեւանքն է: Կիրթ մարդը նա է, ով նախեւառաջ իրեն է սիրում, հետո` շրջապատին: Երբ ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է վակցինացիաների մասին, հայ ժողովրդի մոտ միշտ նույն հարցն է ծագում` «Ինչի՞ս է պետք վակցինացիան»: Մինչդեռ հենց վակցինացիայի միջոցով է կանխվում հիվանդության տարածման հետագա ընթացքը: - Իսկ գրիպից ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: - Գրիպի ամենասոսկալի բարդությունը թոքաբորբն է: Թոքաբորբերը լինում են բարդության տարբեր աստիճանների ու ձեւերի: Առավելապես պետք է զգուշանան 50-ն անց տարիքային խմբի մարդիկ, շաքարային դիաբետով հիվանդները, սրտային հիվանդություն ունեցողները, երեխաներն ու հղի կանայք: Հատկապես այս մարդիկ պետք է ուշադիր լինեն եւ անպայման կատարեն գրիպի դեմ վակցինացիաները:

 

–   Իսկ թոքաբորբի դեպքում ի՞նչ ախտանշաններ են լինում:

 

–   Ընդհանրապես թոքաբորբի ախտանշանները խիստ տարբեր են: Եթե խոսքը վերաբերում է գրիպի հետեւանքով առաջացած թոքաբորբին, ապա կարող եմ ասել, որ հիվանդի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն` 37-38, պարտադիր չէ, որ քթից արտադրություն լինի, հիվանդն ունենում է քրտնարտադրություն, իմունային համակարգի ընդհանուր թուլություն: Հաճախ թոքաբորբերը լինում ենք գաղտնի, թաքնված, այսինքն` երբ հիվանդն ունենում է թուլություն, հազ, գոտկատեղից ներքեւ ընկած հատվածում ցավեր եւ ոչ բարձր արտահայտված ջերմություն: Իսկ հաճախ թաքնված թոքաբորբերը կարող են լուրջ վտանգ առաջացնել մարդու կյանքի համար, այլ կերպ ասած` մարդը կարող է հայտնվել մահվան վտանգի առջեւ: Տվյալ պարագայում մարդիկ անհապաղ պետք է դիմեն բժշկի, որպեսզի հիվանդության քրոնիզացիա չլինի:

 

–   Ամեն դեպքում նման խնդիրներից խուսափելու համար ի՞նչ կառաջարկեք մեր հասարակությանը:

 

–   Նախեւառաջ խորհուրդ կտայի մեր հասարակությանը հնարավորինս հրաժարվել ծխախոտից: Որքան էլ խոսում ենք ծխախոտի վնասակարության մասին, միեւնույն է, կարծես լուրջ չենք ընդունում: Մինչդեռ աշխարհում թոքերի քաղցկեղով հիվանդների հիմնական մասը ծխող մարդիկ են: Մենք նախընտրում ենք ավելի շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջեւ, քան զբոսնելու համար: Բնականաբար, շատ կարեւոր է ճիշտ սնվելը, եւ այնպիսի սննդամթերքի, մրգերի, բանջարեղենի օգտագործումը, որը կարեւոր է մեր օրգանիզմի համար: Օրինակ, տարօրինակ չէ՞, որ մենք մոռացել ենք դդմի գոյության մասին: Դեռեւս Մխիթար Հերացու ժամանակ դդումը հայտնի էր իբրեւ ամենաշատ վիտամիններով հարուստ բանջարեղենը: Պետք է շատ օգտագործել խնձոր, սխտոր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել վիրուսներից: Գրիպի դեպքում մարդիկ կարող են նաեւ աղաջրով մաքրել քթանցքերը: Ամեն դեպքում հիվանդության առաջին ազդանշանի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի օգնությանը:

Հեղինակ. Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ